Դաշտում արդեն քանի օր է քննարկվում ԱԽ նախկին քարտուղարի հոդվածը և դրան հաջորդող հարցազրույցը։ Ես ուզում եմ անդրադառնալ այդ հարցազրույցի աննկատ մնացած, բայց, իմ գնահատմամբ, ամենակարևոր խոստովանությանը։ Երբ Արշալույս Մղդեսյանը հարցնում է, թե ինչու ԱԽ քարտուղարը չկանխեց ԵՄ-ի հետ կապված օրենքի ընդունումը ԱԺ-ում, վերջինս ասում է․ «Չհաջողվեց․․․ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ դա 2025 թվականի մարտ-ապրիլն էր․․․ Բայց նաև տեղի էր ունենում մի շատ կարևոր իրադարձություն՝ դա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն էին և հնարավոր էսկալացիաները։ Ես չգիտեմ՝ շատերը հիշում են, թե չէ, բայց հրապարակային հնարավոր էսկալացիայի մասին խոսք կար, ես բանակցություն էի վարում Հաջիևի հետ, և նաև սպառնալիքն այն աստիճան էր, որ ԱՄՆ դեսպանատունը քննարկում էր իր էվակուացիայի հարցը»։
Ես այս շրջանը հոյակապ հիշում եմ, ավելին՝ բազմիցս խոսել եմ դրա մասին, քանի որ սա այն շրջանն էր, երբ ՔՊ-ն համաձայնել էր Ադրբեջանի կողմից «Խաղաղության պայմանագրի» տեքստն ավարտին հասցնելու համար առաջադրված վերջին երկու նախապայմաններին։ Մարտի 13-ին կողմերը հայտարարեցին, որ Երևանն ընդունել է վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, և պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում էր, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, իսկ Ադրբեջանը, ի պատասխան, սկսեց ապատեղեկատվական հսկայական արշավ, որը, հենց նույն նախկին ԱԽՔ-ի խոստովանությամբ, բերելու էր պատերազմի։ Պատերազմից մեզ փրկեց ԱՄՆ միջնորդությունը։
Փաստացի, սա ուղիղ խոստովանություն է առ այն, որ Ադրբեջանի պահանջների բավարարումը բերում է նոր էսկալացիայի, որից մենք մեզ պաշտպանել չենք կարող, եթե որևէ երրորդ կողմ չմիջամտի։ Մեզ արդեն վեց տարի ասում են՝ երաշխավոր պետք չէ, ուղիղ ենք խոսում, ուղիղ ենք հարց լուծում, ու այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջանի ձեռքին են դրվում բոլոր խաղաքարտերը։ Միևնույն ժամանակ, չի իրականացվում ՀՀ անվտանգային համակարգը պատշաճ պատրաստվածության բերելու քաղաքականություն, ավելին՝ արժեզրկվում և դեմորալիզացվում է հայոց բանակը։
Ի պատասխան՝ Ադրբեջանն իրեն հարմար պահի նորից սկսում է էսկալացիայի ռիսկ ստեղծել։ Այս խոստովանությունը նաև այլ բան է փաստում՝ Ադրբեջանին պայմանագիր կամ դրա վերջնական ստորագրում պետք չէ, հակառակը՝ հենց հայկական կողմը համաձայնում է ու ասում՝ եկեք ստորագրենք, բարձրանում է պատերազմի ռիսկը, քանի որ Ադրբեջանին պետք է գործընթացի շարունակականության ապահովում, որի ընթացքում ինքը կքայքայի մեր պետությունը, իսկ ՔՊ-ն համաձայնվել է այս «գործարքին»։
Պայմանագիրն անցած տարվա օգոստոսին նախաստորագրվել է բացառապես ԱՄՆ նախագահի միջնորդությամբ։ Ալիևն այլ պարագայում դա չէր նախաստորագրելու, բայց դրանից մեկ տարի անց այդ պայմանագիրը բազմիցս խախտվել է Ալիևի կողմից՝ առանց որևէ պատասխանատվության։
Պարզ տրամաբանությունը գալիս է փաստելու՝ Ադրբեջանին պետք չէ ստորագրություն, Ադրբեջանը կանգ չի առնում, եթե չկան արտաքին դերակատարներ կամ իրեն զսպող, պատրաստված ՀՀ բանակ։ ՀՀ ղեկավարությունը տապալել է անվտանգության ապահովման և բանակի հզորացման քաղաքականությունը՝ ՀՀ-ն տանելով միակողմանի զիջումների այնպիսի ճանապարհով, որոնք ուղղակի վտանգում են ՀՀ ինքնիշխանությունը։ Սահմանադրության շուրջ ստեղծված իրավիճակը դրա վառ ապացույցն է։ Փաշինյանի «խաղաղությանն» էլ աջակցող նախկին ԱԽ քարտուղարը, ում ընդամենը գործից հանել են, այդ անվտանգային քաղաքականության տապալման պատասխանատուներից մեկն է։ Ըստ իս՝ հենց այս բովանդակությունը պետք է դնել քննարկման, երբ ՔՊ-ական պաշտոնյան խոստովանում է, որ իրենց քաղաքականությունը բերել է նոր պատերազմի վտանգի, որին իրենք չեն պատրաստվել, և դրա համար դժվար է որևէ մեկին մեղադրել, բացի ՔՊ-ից։
Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները։ Այս մասին ես տարիներ շարունակ փաստերով խոսում եմ հանրային դաշտում։ Իսկ եթե իշխանությունը դա հասկացել է, բայց շարունակել է նույն քաղաքականությունը, ապա խոսքն արդեն պարզապես սխալ հաշվարկի մասին չէ։ Խոսքը պետական անվտանգության նկատմամբ հանցավոր անգործության և հակապետական քաղաքականության մասին է։
Եվ ամենակարևորը՝ խաղաղությունը չի կարող կառուցվել բանակը վարկաբեկելու և հակառակորդի յուրաքանչյուր պահանջը բավարարելու հաշվին։ Եթե այս ամենից հետո իշխանությունը դեռ շարունակում է իր քաղաքականությունը ներկայացնել որպես խաղաղության միակ ճանապարհ, ապա ՀՀ քաղաքացին իրավունք ունի հարցնելու՝ ո՞ւմ շահն է իրականում սպասարկում այդ քաղաքականությունը, և ո՞վ է պատասխան տալու մեր պետության համար ստեղծվող դրա վտանգավոր հետևանքների համար։
Տաթևիկ Հայրապետյան